ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սարերը

Սարերը
14.07.2009 | 00:00

ԲՈՑՆ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ԱՐԱՐՉԻՆ
ԻՎԱՆ ԻԼՅԻՆ
Դարերի անսահման հեռուներում, աշխարհի արարչությունից անմիջապես հետո, երբ երկիրն առաջին անգամ զգաց իր նախաստեղծ ձևն ու սահմանները, տխրեց ու ողբաց, քանզի տեսավ իրեն թշվառ ու խեղճ, պոկված լույսից ու հեռացած երկնքից, հավասար հարթված, մերկ, ամայի ու անօգնական։ Եվ նա սկսեց հոգոց հանել ու տրտնջալ, զայրացավ ու ոտքի ելավ և ապստամբեց։ Դա մի մոլեգին ապստամբություն էր` ահավոր ու քաոսային։ Բայց դա գալիս էր ամենախորքից. այն անկեղծ էր, և նրա կայծերը թռչում էին դեպի երկինք։ Այդ ընդվզումը բոցեղեն էր, և այդ բոցը աղոթում էր Արարչին, և այդ կրակից հալվում էին ժայռերը, ու նախնադարյան քարերը հոսում էին հեղեղի պես։ Դա խորքերի մի մեծ բարձրացում էր` լույսի ծարավ, ձգտում դեպի երկինք, ստեղծագործ կամքի ժայթքում։
Հառնեց երազանքը նոր, կատարյալ ձևերի մասին, գոյության նոր բազմազանության, երկրի ու երկնքի մերձեցման մասին։ ՈՒ այդ ընդվզումը հակում էր դեպի Աստված, տրտնջացող աղոթք, մերժվածին չմերժելու աղերսանք։
Տերը լսեց այդ տրտունջն Իր հավիտենական ողորմածության մեջ, և խորքերի այդ մեծ բարձրացումն առաջացրեց Նրա բարեհաճությունը, որովհետև քարացած պասիվությունը և ստրկական հնազանդությունը երբեք ցանկալի չէին Նրան, իսկ ամեն մի անկեղծ պոռթկում և աղոթքի բողոք ընդունելի էին երկնքում, որպես թախծող և ըմբոստ արարածի աղոթքը։ Այդ պատճառով Տերը օրհնեց երկրի այդ ընդվզումը և թույլ չտվեց, որ նա ոչնչանա, այլ կարգադրեց նրան հավիտյան պահպանվել` բարձրացնելով դեպի երկինք անխոս աղոթքով, արթնանալ բարեբեր առավոտյան արշալույսի հետ ու երանավետ ծաղկել հեռացող արևի վերջին շողերի ներքո։ Իսկ մարդուն Տերը հրամայեց զննել անցյալի խորհրդավոր գրառումը և հասկանալ նրա թաքնված իմաստը։
Եվ մենք, զննելով, դրանք կոչեցինք «սարեր»։
Երբ ես տեսնում եմ ձյունապատ սարերը, որոնք հեռվում ընթանում են դեպի ամպերը, իմ սիրտը թրթռում է անսպասելի երջանկությունից. նրա մեջ արթնանում են ասես հանգած վաղեմի հուշեր, կարծես թե ինչ-որ ժամանակ ես արդեն տեսել եմ դրանք, և այդ պատճառով միշտ թախծել։ Ես կանգնած եմ կլանված ու հուզված, և չգիտեմ` կարելի՞ է, արդյոք, հավատալ այդ ուրվականներին։ Ի՜նչ թեթև, ի՜նչ վճռական է դրանց թափը դեպի երկինք։ Ի՜նչ նուրբ, ի՜նչ անիրական ուրվագծեր են։ Ես տեսնում եմ երկիրը, որը բարձրանում է դեպի երկինք, ես տեսնում եմ նրան գրկող երկինքը, տեսնում եմ, թե ինչպես երկիրը կորչում է երկնքում` ձուլված նրան, կարող է` հենց ինքը երկինք է դառնում։ Մի՞թե դա երազ չէ։ Կամ, գուցե այդ տեսիլքը հենց իսկական իրականությունն է, իսկ տափակ առօրյա կյանքն ընդամենը տաղտկալի երազ է։ Որտեղի՞ց է իմ մեջ այս երանելի հուզմունքը, մոտեցող հայրենիքի զգացումը։ Ասես հեռվից լույս արձակող այդ շքեղությունը, այդ ավետյաց ապագան գոյացավ իմ ինտիմ անցյալից, իմ մինչժամանակյա կյանքից։ Կամ, գուցե, իմ հոգին այնքան զառամյալ է, որ ես իրոք կարող էի ներկա լինել աշխարհի ստեղծմանը։ Կամ այդ հեռավոր սարերը պատմում են ինձ այն մասին, թե ինչ էի, եմ և կլինեմ, և ինչ սքանչելիք է ինձ սպասում ապագայում։
Քնքուշ տեսիլքներ։ Մարգարեական պատկերներ։ Աստվածային երազներ։
Բայց տեսարանն անէացավ։
Օդային ուրվականները թաքնվեցին երկրի մշուշում և երկնային ամպերի մեջ։ Միայն սիրտս է շշնջում անհնարին հնարավորությունների մասին։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ